Չորեքշաբթի, 7 յուլիսի 2010 թ.
«ԱԼԻՔ»- Ի վերջոյ, երկխօսութիւնն էր, որ յաղթահարեց եւ նպաստեց «Ռոստոմ» եւ «Արաքս» դպրոցների միաւորման շուրջ երկուստեք առաջացած այն մտահոգութիւնների եւ անորոշութիւնների հանգուցալուծմանը, որի պատճառով՝ արդէն շուրջ երկու ամիս ձգձգւում էր միաւորման գործընթացի վերջնական հանգրւանը:
Սկսենք երէկ կայացած հանդիպման շարժառիթից եւ ընթացիկ մանրամասներից:
«Ռոստոմ» աղջ. դպրոցի ծնողների կողմից 73-74 ստորագրութեամբ մի նամակ նախապէս յղւել էր Պատգամաւորական ժողովին, առ այն, որ ժողովի կողմից յունիսի 1-ին կայացած որոշման Ա կէտը, ուր ասւում է, թէ Թեմական խորհուրդը պէտք է ունենայ ծնողների լիովին համաձայնութիւնը՝ դպրոցի միաւորման գործում, պէտք է բաւարարել, քանի որ Թեմական խորհուրդը չի շահել ծնողների ամբողջական համաձայնութիւնը:
Ելնելով այս փաստից՝ Թեմական խորհուրդը հանդիպման է հրաւիրել Պատգամաւորական ժողովի դիւանին, ուր միասնաբար որոշում է առնւել հանդիպում կազմակերպել դպրոցի ծնողների հետ, որը առիթ կը լինի մօտկից շօշափելու ծնողների համաձայնութեան փաստացի գոյութիւնը: Ահա թէ որն էր հանդիպման շարժառիթը:
Հիմա հանդիպման ընթացիկ մանրամասներից:
Ազգ. առաջնորդարանի դահլիճում երէկ երեկոյեան ժամը 7-ին ի մի էին եկել ազգային իշխանութիւններից՝ Պատգամաւորական ժողովի դիւանը եւ Կենտրոնի պատգամաւորները, Թեմական ու Կրթական խորհուրդները եւ ամենակարեւոր տարրը՝ «Ռոստոմ» աղջ. դպրոցի ծնողները. ինչո՞ւ ամենակարեւոր, որովհետեւ այս հարցում հիմնական հայցւորը իրենք՝ ծնողներն էին՝ հիմք ունենալով այն դրդապատճառը, որ ինչու են ուշ տեղեկացւել դպրոցի վերադասաւորման ծրագրին:
Ծնողներին մէկ անգամ եւս Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեանի կողմից լուսաբանութիւններ տրւեցին նախ վերադասաւորման դրդապատճառների, ապա ընթացիկ գործառոյթների մասին:
Տարբեր տեսանկիւններից, որոնք են՝ վարչապետաիրաւական եւ ազգային օրէնսդրական կողմերը, հարցի լուսաբանումն ամբողջացրեցին Կրթական խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Ամիրխանեանը եւ Պատգամաւորական ժողովի դիւանի ատենադպիր Էմիլ Մնացականեանը:
Առիթ տրւեց նաեւ ծնողներին՝ բարձրացնելու հարցեր, որոնք առաջ են եկել այն երկընտրանքից, թէ արդեօք վերջապէս երեխաներին արձանագրելո՞ւ են «Ռոստոմ»-ում թէ ոչ:
Նրանց հարցերի ընդմիջից շատ դիւրին էր շօշափել այն փաստացի իրողութիւնը, որ այս ամիսների ընթացքում ազգային իշխանութիւնների հետ նրանց երկխօսութիւնը, միատեղ հարցերի արծարծումը տւել էր իր որոշակի արգասիքները:
Ինչի՞ց էր դա ակներեւ, որովհետեւ թէկուզեւ իրենք կրկին բարձրացնում էին բազմիցս կրկնւած իրենց իրաւունքը համարւող այն հարցը, թէ ինչու են այս մասին ուշ տեղեկացւել, սակայն ամիսների ընթացքում ժողովրդական խօսքով ասած՝ հոսած ջրերը իրենց մօտ աւելի պարզեցրել էին արմատային հարցերը: Ծնողների հարցերին ի պատասխան լուսաբանութիւններ էին տրւում կառոյցների բնագաւառներին համապատասխան ներկայացուցիչների կողմից, որը ծնողին վերջնական եզրակացութեան էր յանգեցնում:
Սկզբում արդէն իսկ շեշտեցինք, որ երկխօսութիւնը միակ երաշխիքը հանդիսացաւ եւ վերացրեց հասարակութիւն-ազգային կառոյցներ երկփեղկւածութեան անջրպետը, քանզի արդէն հանդիպման աւարտին սեպւեց դրական վերջին եզրակացութիւնը՝ կայացած խորհրդակցութիւնների եւ մտքերի փոխանակութեան արդիւնքում՝ ծնողները տւեցին իրենց լիարժէք համաձայնութիւնը, որպէսզի Թեմական խորհուրդն անցնի գործնական փուլին եւ սկսի գործադրել «Ռոստոմ» աղջ. դպրոցը «Արաքս»-ին միաւորելու գործընթացը եւ այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ Պատգամաւորական ժողովի կողմից հաստատւած Ա կէտը ի կատար ածւեց՝ իրաւունք վերապահելով Գործադիր մարմնին՝ իրագործելու մշակւած ծրագիրը:
Հանդիպման աւարտին թերթիս թղթակցի հետ առանձնազրոյցում Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեանը հանդիպման նման հանգուցալուծումից գոհունակութիւն յայտնելով՝ արժեւորեց հանդիպումը՝ որպէս դրական հանդիպում եւ նշեց. «Կարեւոր էր, որ հանդիպմանը ներկայ էին Պատգամաւորական ժողովի դիւանը եւ պատգամաւորներ, Թեմական եւ Կրթական խորհուրդները, քանզի դա ցոյց է տալիս, որ ազգային իշխանութիւններն ընդհանրապէս այս հարցում միասին են եւ չկան տարակարծութիւններ:
Կարծում եմ՝ դա նաեւ արդիւնաւէտ եղաւ ու նաեւ տրւած բացատրութիւնները՝ թէ՛ Կրթական խորհրդի, թէ՛ Պատգամաւորական ժողովի, եւ թէ՛ Թեմական խորհրդի կողմից, նպաստեցին, որպէսզի ներկաները կարողանան, մեր կարծիքով գոնէ, ճիշտ կողմնորոշւել»՝ աւելացնելով, որ. «Հետագայ քայլերը պէտք է լինեն արդէն աշխատանքը ընթացքի մէջ դնելու գործընթացը եւ, բնականաբար, ծնողները պէտք է կողմնորոշւեն, որ իրենց աշակերտներին որտեղ են արձանագրում, այլընտրանքները հիմնականում ազգային դպրոցներից «Արարատ» եւ «Արաքս» դպրոցներն են:
Մեր առաջարկութիւնը եղել է «Արաքս» եւ շարունակում է լինել «Արաքս», որովհետեւ ամենամօտ դպրոցն է եւ մեր արժեւորումով նաեւ լաւ դպրոց, բայց, բնականաբար, ծնողը ազատ է իր ընտրութեան մէջ: Երբ յստակեցւեց, թէ աշակերտները որտեղ են գնալու, մնացեալ մանրամասնութիւնները, դրա մէջ ներառեալ՝ տրանսպորտի, երթեւեկի հարցում սերւիսների դասաւորման, սուբսիդների հարցով մանրամասները, այդ ժամանակ կը ճշտւեն:
Սրանց մասին ես չեմ ցանկանում առաւել մանրամասնել կամ յստակեցում մտցնել, որովհետեւ դեռ այդքան վերջնականացւած չէ եւ չեմ ցանկանում մի բան ասել, որ յանկարծ սխալ թոյլ տւած չլինեմ, բայց սրանք յետոյ կը վերջնականանան եւ կարծում եմ, յոյս ունեմ, որ թէեւ կարող է սկզբնական շրջանում մի քիչ հաճելի չլինել, բայց վերջին հաշւով՝ մեր աշակերտների օգտին կը լինի»:
Եթէ սկզբում անկանխատեսելի էր հանդիպման աւարտը, եւ չսպասւող որեւէ պոռթկում կարելի էր նախատեսել, ապա հանդիպման ընթացքը եւ յատկապէս աւարտը եկան ապացուցելու այն համոզմունքը, որ հասարակական խաւերին, տւեալ դէպքում՝ ծնողներին եւ մէկ խօսքով՝ հասարակական մտքի ենթահողի պատրաստումը ամենաազդու եւ հիմնական միջոցը պէտք է ծառայեցւի ապագայ նմանօրինակ գործընթացներում:
■ Այս լուրը դիտւել է 94 անգամ:
Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.
Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:
Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ