Ռոբերտ Բեգլարեան և Գէորգ Վարդանեան՝ Իրանահայութեան Պատգամաւորների Նոր տարւայ խոհերը

Հինգշաբթի, 7 յունւարի 2010 թ.

2009 թւականը մօտենում է իր «սպասւած» աւարտին:
«Սպասւած»...
Ոմանք յոգնած ու վշտացած համայնքիս ապրած ծանր օրերից՝ շտապում են օր առաջ դիմաւորել «նոր»-ին:
Ոմանք ապրած լաւ պահերը մտաբերելով՝ դժւարանում են աւելիով հեռանալ հաճոյք պատճառած պահերից:
Իսկ մեր բալիկները միանշանակ՝ անհամբեր են հրճւելու բարի Ձմեռ պապիկի առատաձեռն նւէրներով...
Հետաքրքիր է աշխարհը, իսկ մարդկային կեանքը՝ բարդ ու աննախատեսելի:
Ու բալիկներն են իրենց անարատ ու անմեղ սրտով ամենաազնիւը եւ միեւնոյն ժամանակ՝ ամենաճիշտը:
Նրանք անյիշաչար են, բարի ու ներող:
Նրանք կորովի են, աշխոյժ ու անզսպելի:
Նրանք հետեւողական են, յաղթանակը ճիշտ արժեւորող ու դրան անպայման տիրացող:
Նրանք... մեր ժողովրդի ապագան են, որ անցնելով «անցեալ»-ից՝ միշտ «գալիք»-ին են սպասում, եւ իրենց դեռ անսխալական հոգու հայելու մէջ, յաղթանակի արշալոյսին յառած սիրելի ու խորաթափանց աչիկներով, ապագան են երազում...
Իսկ մենք՝ «մեծերս», հետաքրքիր յամառութեամբ չենք համոզւում բալիկներից սովորել կեանքի բարիքներին նայելու հեշտանքը, չենք համոզւում «կեանքի խաղ»-ում թոյլ տւած թերութիւնների համար ներել մէկս միւսին, չենք համոզւում «ուրիշ»-ի յաղթանակները «սեփական» համարելով՝ ուրախանալու դրանցից, չենք համոզւում...
Իսկ մեր այս յամառութիւնը յանգեցնում է նրան, որ միայն «մէկ» ենք դառնում ու «միաւորւում» դառնութեան, դժւարութեան եւ դժբախտ պատահարների պահերին...
Եւ արդիւնքում՝ Ամենակալ Տէրը մերթընդմերթ ասես ցանկանում է յիշեցնել, թէ լաւն ու վատը համեմատական են եւ մէկը միւսին համալրող, յիշեցնել, թէ չպէտք է աւելորդ գինովնալ «երջանկութեամբ» կամ «յաջողութեամբ», ինչպէս նաեւ յուսախաբւել «դժբախտութեամբ» կամ «անյաջողութեամբ»...
Լաւն ու վատը, չարն ու բարին, յաղթանակն ու պարտութիւնը այն իրականութիւններն են, որոնցից եւ ոչ մէկը չպէտք է մեզ խոչընդոտի միւսին յիշելու: Ծանր պահերին պէտք է մտածել ու գօտեպնդւել երջանիկ ժամանակների յոյսով, իսկ յաղթանակներ արձանագրելիս՝ անպայման պէտք է յիշել անցած ճանապարհն ու աջակից ընկեր-ուսուցիչներին:
Այո՛, մեր համայնքը ծանր ժամանակներ ապրեց անցած տարում: Մեզանից առյաւէտ հեռացան բազմաթիւ հարազատներ ու սիրելիներ, անձնաւորութիւններ, որոնց կրկին լոյս աշխարհ բերելու համար՝ Մայր Ժողովուրդը պէտք է աննկարագրելի երկունք ապրի ու դեռ միայն պէտք է յաջողի մեր կորուսեալ անմոռանալի բարեկամներին «կրկնօրինակել» եւ ոչ թէ նրանց մեր ջերմ գիրկը վերադարձնել...
Սակայն, զգո՛շ...
Չմոռանանք. Մեզ տրւած չէ ժամանակի սլաքները յետ վերադարձնելու եւ կատարւածը սրբագրելու աստւածային կարողութիւն: Արարիչը մեզ տւել է միայն կատարւածի իմաստը խոր գիտակցելու եւ մէկս միւսով սփոփւելու տարողութիւնը:
Ուրեմն՝ սիրելի ու պատւարժան ժողովուրդ, մնում է Նոր տարւայ այս խորհրդաւոր սեմին հաշւետւութեան ենթարկել մեր մարդկային հաշւեմատեանը, ամէն ոք թո՛ղ ինքն իր արդար ու անկաշառելի խղճին դիմի՝ թոյլ տւած բացթողումները ճանաչելու բարի նպատակով ու դրանք սրբագրելու անընկրկելի կամքով, եւ այդպիսով՝ դիմաւորի Նոր տարին:
Հայցում ենք առ Բարձրեալն Աստւած, որ Նա մեզ պարգեւի խաղաղ օրեր ու երջանիկ պահեր եւ խելամտութիւն՝ այդ խաղաղ պահերն իմաստաւորելով՝ ապրելու խոհեմ ու արդարացի կեանքով, դրանով՝ ամէն ջանք նւիրագործել՝ վերացնելու համար այն բոլոր խոչընդոտները, որոնք արգելակում են բարգաւաճ ու բարեկեցիկ համայնք ունենալու մեր նպատակային երթը:
Թո՛ղ հայ ժողովուրդն իր արդար դատի լուծման ու խաղաղ հայրենիքի կերտման գործընթացում անսասան ու յաղթական մնայ:
Թո՛ղ մեր բալիկներն ապրեն իրենց հոգու պարզունակութեանը համապատասխանող խաղաղ ու լազուր երկնքի ներքոյ:
Թո՛ղ մեր երիտասարդներն ապրեն յաջողութեան անմոռանալի պահեր եւ լիցքաւորւած դրանով՝ լիցքաւորեն ծառայող ղեկավարութեանը՝ իր դժւարին պատասխանատւութեան պահերն յաջողութեամբ պսակելու արդար տեսլականով:
Թո՛ղ մեր պապիկ-մամիկները հանգիստ օրեր ապրեն իրենց սիրասուն զաւակների հոգատար վերաբերմունքի երաշխաւորութեամբ:
Եւ թո՛ղ բոլոր նրանց անմեղ հոգիները, որոնք բաժանւած են մեզանից, առյաւէտ խաղաղութեամբ վայելեն Երկնային Տիրոջ յաւերժութիւնը...

Շնորհաւոր Նոր տարի
Շնորհաւոր Սուրբ Ծնունդ եւ Մկրտութիւն

Ջերմագին բարեմաղթանքներով՝
ՌՈԲԵՐՏ ԲԵԳԼԱՐԵԱՆ եւ
ԳԷՈՐԳ ՎԱՐԴԱՆԵԱՆ՝
ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Դեկտեմբեր 2009 թ., Թեհրան



Այս լուրը դիտւել է 254 անգամ:


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.

Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:

Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ