Թ. Հ. Թեմական խորհրդի բացատրական հանդիպումը՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւնում

Չորեքշաբթի, 16 յունիսի 2010 թ.

Թեհրանի հայոց Թեմական խորհուրդը երէկ երեկոյեան վեց ներկայացուցիչներով Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան սրահում հանդիպում ունեցաւ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան, «ՀՈՒՍԿ» հաստատութեան եւ Հայ համալսարանականների ընդհ. միութեան վարչութիւնների, անդամ-ուհիների ու բարեկամների հետ:

Հանդիպման սկզբում միութեան անունից ողջոյնի խօսք ասաց միութեան վարչութեան նախագահ Արշաւիր Քեշիշեանը: Հանդիպմանը Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեանը հակիրճ բացատրութիւններ փոխանցեց համայնքին յուզող հարցերի մասին:

Դոկտ. Յովհաննիսեանը նախ անդրադարձաւ արտագաղթի երեւոյթին, որի հետեւանքով՝ հնարաւոր չէ համայնքում անցեալի թւաքանակի համար նախատեսւած ու կառուցւած դպրոցներն ու կառոյցներն օգտագործել հէնց նախկին կարգավիճակով եւ կարեւորութեամբ անդրադարձաւ օպտիմալացման անհրաժեշտութեանը: Դոկտ. Յովհաննիսեանը տւեալներ ներկայացրեց համայնքում գործող դպրոցների իրավիճակի, աշակերտութեան թւային պատկերի, հայ պաշտօնական տեսուչների պակասի, դպրոցների խնդիրների կարգաւորման հարցով տարւած ու տարւող աշխատանքների եւ ապագայ հեռանկարների ու նախատեսւած ծրագրերի վերաբերեալ:

Նա իր արտայայտութիւնների մի այլ բաժնում անդրադարձաւ ազգապատկան կալւածների լաւագոյնս օգտագործման եղանակներին, որոշ կալւածների իրաւական կամ տարածքային դժւարութիւնների խնդրին: Թեմական խորհրդի ատենապետուհին թւարկեց նաեւ այն աշխատանքները, որոնք կատարւում են կարիքաւոր ընտանիքների համար՝ ինչ-որ չափով պակսեցնելով նրանց կենցաղային ու առողջապահական դժւարութիւնները: Նա նաեւ հակիրճ բացատրութիւններ փոխանցեց համայնքում գործող ուսանողական ֆոնդերի մասին:

Վերջում երկու ցանկով ներկաներին հարցերի եւ առաջարկների արծարծման առիթ տրւեց:
Հարցերը մեծամասնաբար առնչւում էին արտագաղթը պակսեցնելու ելքերին, իրաւական հարցերին, ինչպէս արեան գնի (դիէ) ու «ղեսաս»-ի հարցերին եւ դպրոցների կարգավիճակին, որոնց սպառիչ պատասխաններ էր փոխանցում դոկտ. Ա. Յովհաննիսեանը: Նա վերջում յոյս յայտնեց, որ Թեմական խորհրդի եւ համայնքի հանդիպումները առաւել մարդաշատ լինեն, քանզի ժողովրդի հետ շփումներով հնարաւոր է հարցերը աւելի լաւ ու սահուն կերպով կարգաւորել, որով հնարաւոր կը լինի ունենալ աւելի ամուր համայնք:
Այս լուրը դիտւել է 63 անգամ:


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.

Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:

Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ