Թ. Հ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ Խորհրդաժողով՝ «Մեր ազգային նկարագիրը եւ միութիւնների պարտականութիւնները» թեմայով

Երկուշաբթի, 21 յունիսի 2010 թ.

«ԱԼԻՔ» - Թեհրանի հայոց Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ թւականիս հինգշաբթի, յունիսի 17-ի երեկոյեան ազգային առաջնորդարանի դահլիճում կայացաւ խորհրդաժողով՝ «Մեր ազգային նկարագիրը եւ միութիւնների պարտականութիւնները» թեմայով:

Խորհրդաժողովին հրաւիրւած չորս զեկուցաբերներն էին՝ Հայկազ Շիրւանեանը, Արմէն Բեգլարեանը, դոկտ. Անդրանիկ Սիմոնեանը եւ Ռոբերտ Մարգարեանը:

Խորհրդաժողովի սկզբում Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեանը նշեց, որ միութիւնների հետ այս հանդիպման հիմնական նպատակն է քննարկել, թէ մեր միութիւնները ինչ են կատարում եւ ինչ պէտք է անեն, արդեօք իրենք բաւարարւա՞ծ են իրենց կատարածով թէ մտածում են, որ է՛լ աւելի անելիք կայ կամ արդեօք միութիւն, այսինքն՝ նոյն յարկի տակ մէկ հետաքրքրութեամբ զբաղւող անձանց հաւաքականութիւն թէ կայ այլ նպատակ, իսկ եթէ կայ այլ նպատակ, ո՞րն է դա:

Դոկտ. Աիդա Յովհաննիսեանը անդրադարձաւ արտագաղթի հետեւանքով համայնքի ներկայ կարգավիճակին եւ նշեց, որ այս խորհրդաժողովում քննարկւելու է միութիւնների փոխգործակցութեան թեման:

Թեմական խորհրդի ատենապետը նշեց, որ զեկուցաբերներին ընտրելու հարցով նկատի չի առնւել որեւէ միութեան պատկանելութեան խնդիրը եւ միայն ընտրւել են այն անձինք, որոնք տարբեր ակնոցներով կարող են դիտել միութենական կեանքը:
Նա նաեւ անդրադառնալով մի քանի տարի առաջ կեանքի կոչւած Մշակութային մարմնի երկու շրջան ծաւալած աշխատանքներին՝ ասաց. «Ցայսօր երկու շրջանում գործել է Մշակութային մարմին, որի երկրորդ շրջանը չյաջողեց իր լիակատար աշխատանքը տանել, քանզի իւրաքանչիւր միութիւն ցանկանում էր իր ուրոյն աշխատանքը կատարել, ուստի՝ այսօրւայ խորհրդաժողովում կարելի է քննարկել նաեւ այն հանգամանքը, թէ արդեօք անհրաժե՞շտ է ունենալ միութիւնների աշխատանքը համադրող Մշակութային մարմին թէ՝ ոչ»:

Դոկտ. Աիդա Յովհաննիսեանի արտայայտութիւններից յետոյ՝ ելոյթ ունեցաւ իւրաքանչիւր զեկուցաբեր, որը իր դիտանկիւնից 10 րոպէի սահմանում քննարկեց ներկայ կարգավիճակում միութիւնների համար վերապահւած դերը: Պրն. Շիրւանեանը խօսեց մի շարք մտահոգութիւնների մասին եւ առաջիկայ աշխատանքների համար առաջարկներ ներկայացրեց: Դոկտ. Սիմոնեանը յոյս յայտնեց, որ խորհրդաժողովում հասունացած մտքերը հնարաւոր լինի գործնականի վերածել: Ռոբերտ Մարգարեանը խօսեց միութիւններում առգոյ դժւարութիւնների մասին եւ առաջարկներ ներկայացրեց դրանք վերացնելու ուղղութեամբ:

Իսկ Արմէն Բեգլարեանը արտայայտւեց այժմեան այն մարտահրաւէրների վերաբերեալ, որոնք Հայաստանում եւ Սփիւռքում են ծառացած հայ ժողովրդի դիմաց: Զեկուցաբերների արտայայտութիւններից յետոյ՝ հնչեցին տարբեր մտքեր, իսկ վերջում Թեմական խորհրդի անդամ եւ միութիւնների հետ կապ Սարօ Մկրտչեանը կարեւորութեամբ անդրադարձաւ միութիւններում տարւող աշխատանքներին ու առգոյ դժւարութիւններին եւ կարեւորեց միութիւնների համագործակցութիւնը:

Խորհրդաժողովը հետեւեալ եզրայանգումը կայացրեց, որ համայնքում եօթ մարզա-մշակութային միութիւններ՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան, Հ. Մ. «Սիփան», Հ. Մ. «Նայիրի», Հ. Ուս. «Չհարմահալ», Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնների, Ի. Ա. Մ. Մ.-ի եւ «Րաֆֆի» համալիրի մէկական ներկայացուցիչներից բաղկացած 7-հոգանոց մի յանձնախումբ մինչեւ 10 օր քննարկի յիշեալ խորհրդաժողովի առաջարկները, նաեւ իրենց միութիւններում առգոյ մտահոգութիւնները եւ մինչեւ մի քանի ամիս գումարւելիք խորհրդաժողովում յիշեալ յանձնախումբը ներկայացնի իր քննարկումների արդիւնքը:

Նշելի է, որ հինգշաբթի օրւայ խորհրդաժողովին, որին մասնակցելու համար պաշտօնական հրաւէր էր յղւել թեհրանահայ բոլոր մարզա-մշակութային միութիւններին եւ օրերս Սպահանում կայացած միջթեմական ժողովի ընթացքում հրաւիրւել էին Սպահանի հայոց թեմի միութիւնների ներկայացուցիչները, յիշեալներից ներկայ էին՝ Սպահանի Փերիոյ Կրթասիրաց միութեան Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչը եւ թեհրանահայ մարզա-մշակութային միութիւնների ներկայացուցիչները:
Այս լուրը դիտւել է 92 անգամ:


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.

Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:

Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ