Չորեքշաբթի, 2 յունիսի 2010 թ.
Եւ այսպէս՝ Թ. Հ. Թ. 14-րդ Պատգամաւորական ժողովի նիստի օրակարգը զուտ համայնքային հարց էր շօշափում՝ ելնելով ժամանակի թելադրած պահանջներից՝ ազգային կառոյցների վերադասաւորման համատեքստում դպրոցների վերադասաւորման հարցը, իսկ աւելի կոնկրետ՝ «Ռոստոմ» աղջ. դպրոցի «Արաքս» դպրոցի հետ վերամիաւորման պարագան:
Մինչ օրակարգին անցնելը եւ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի սեղանին դրւած օրակարգին վերաբերող խօսքը՝ Սրբազան Հայրը Տէրունական աղօթքից յետոյ պատգամաւորներին եւ ներկաներին առաջարկեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել 12-րդ Պատգամաւորական ժողովի անդամ, վաստակաւոր ուսուցիչ-մտաւորական Միշա Հայրապետեանի յիշատակը, որին յաջորդեց նրա հոգու խաղաղութեան համար ասւած «Հոգւոց» աղօթքը: Ապա Սրբազան Հայրը խօսեց օրւայ օրակարգի թեմայով: Եւ քանի որ հարցը վերաբերում էր կրթական ոլորտին՝ Պատգամաւորական ժողովում ներկայ էին՝ Կրթական խորհրդի ատենապետ Հրայր Շահնազարեանը եւ խորհրդին կից յանձնախմբի ներկայացուցիչ Ռայմոնդ Խաչատրեանը:
Վերը նշւած հարցին առնչւող քննարկումները, առաջարկներն ու պատգամաւորներին յուզող հարցերը, որոնք օրէնդիրը սկսեց քննարկել երեկ. ժամը 6.30-ին, արդիւնքում այն ծաւալւեց մինչեւ կէսգիշեր (24.00):
Պատգամաւորների դատին յանձնւեցին Թեմական խորհրդին կից Դպրոցների վերադասաւորման յանձնախմբի եւ Պատգամաւորական ժողովի Կրթական յանձնաժողովի պատրաստած մանրակրկիտ եւ խնամւած զեկոյցները, որոնք սխեմատիկ ձեւաչափով արտացոլւում էին պաստառին, իւրաքանչիւր դետալ մեկնաբանում էին յանձնախմբի կողմից՝ Ռայմոնդ Խաչատրեանը, իսկ Կրթական յանձնաժողովի կողմից՝ Էլիպս Մասեհեանը:
Մինչ ներսում ընթանում էին քննարկումները՝ դրսում հաւաքւած «Ռոստոմ» աղջ. դպրոցի ծնողները ակնդէտ սպասում էին վերջնական որոշմանը: Թեմական խորհրդի ներկայացուցիչ Սարօ Մկրտչեանը հանդիպեց նրանց հետ, լսեց ծնողներին՝ որոշակիօրէն բաւարարելով նրանց ակնկալիքները: Ժամեր անց նկատելիօրէն հաւաքւած ծնողների խումբը թողեց առաջնորդարանի բակը:
Եւ այսպէս՝ անդրադառնանք վերջնական որոշմանը:
Այս բոլորը հասաւ իր տրամաբանական աւարտին այն ժամանակ արդէն, երբ Պատգամաւորական ժողովի ներկայացրած եզրակացութիւնը հասունացած պահ էր ապրում քւէարկութեան համար: Ու այսպիսով՝ քւէարկութեան արդիւնքը՝ 26 կողմ, 4 ձեռնպահ, 6 դէմ պատկերով, յանգեց հետեւեալ որոշմանը.
Համայնքի կառոյցների ձեւափոխման եւ հիմնական թւաքանակի հետ համապատասխան աշխատանքը հաստատւում է, որի մէկ ենթաբաժանումը դպրոցների վերադասաւորման ընդհանուր գաղափարն էր՝ հաստատւած արդէն մէկուկէս տարի առաջ: Այս ժողովում արդէն հաստատւեց «Ռոստոմ» աղջ. դպրոցի «Արաքս» դպրոցին միանալու գաղափարը եւ «Սահակեան» դպրոցի տեղափոխումը «Ռոստոմ» աղջ. դպրոց: Բայց, այս բոլորը՝ Թեմական խորհրդի կողմից երեք նախապայմանների իրականացման դէպքում: Որոշումը հետեւեալն է, որին կից ներկայացւում են նաեւ նախապայմանները.
«Ռոստոմ» աղջ. դպրոցը «Արաքս» դպրոցի հետ միատեղելու եւ «Սահակեան» դպրոցը «Ռոստոմ» աղջ. դպրոցի շէնք փոխադրելու նախագծի իրականացումը գնահատւում է տրամաբանական, սակայն գործադրութեան պահը ճշտելու համար՝ պէտք է նկատի ունենալ հետեւեալ նախապայմանները.
ա) Նկատի ունենալով «Ռոստոմ» աղջ. դպրոցի ծնողների մօտ առաջացած դժգոհութիւնները՝ հարկ է բաւարար տեղեկատւութիւն կատարելով եւ առգոյ մտահոգութիւնները նրանց հետ կիսելով՝ փարատել առաջացած զգայնութիւնները եւ շահել հանրութեան եւ ծնողների կարծիքը:
բ) «Սահակեան» դպրոցի «Ռոստոմ» աղջ. դպրոց տեղափոխելու արտօնութիւնը ստանալուց յետոյ միայն ձեռնարկել «Ռոստոմ» աղջ. դպրոցը «Արաքս» դպրոցի հետ միատեղելու քայլը:
գ) Ելնելով ուսումնադաստիարակչութեան նախարարութեան կողմից կատարւած յայտարարութիւններից՝ դպրոցական 12-ամեայ շրջանը 3 օղակից 2 օղակի վերածելու վերաբերեալ, նկատի ունենալով, որ դրա իրագործումը կարող է խախտել սոյն ծրագրում կատարւած հաշւարկումները, ուստի՝ հարկ է նախեւառաջ ձեռք բերել յստակ տեղեկութիւններ՝ նախարարութեան ապագայ ծրագրերի վերաբերեալ:
Այսպիսով՝ ժողովը եզրափակեց իր աշխատանքը. սպասենք արդիւնքներին:
■ Այս լուրը դիտւել է 156 անգամ:
Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.
Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:
Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ