ԹՀԹ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՊԱՏԳԱՄԸ Ս. ԶԱՏԻԿԻ ԱՌԻԹՈՎ՝
ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՅԱՐՈՒԹԻՒՆԸ ԵՐԱՇԽԻԿ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ

Կիրակի, 4 ապրիլի 2010 թ.

«Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտռում. նա այստեղ չէ, յարութիւն առաւ» (ՂԿ. 24:6)

Հրեշտակի խրախուսիչ, ամրապնդող եւ միաժամանակ յանդիմանախառն ձայնն է, որ սթափեցնում է այն կիներին, որոնք կիրակի օրը, առաւօտեան կանուխ ժամերի գերեզման էին եկել, համաձայն իրենց բարեպաշտական սովորութեան իրենց յարգանքը մատուցելու իրենց Տիրոջ: Նրանք իրենց վշտի ու տառապանքի մէջ թաղւած մի պահ մոռացել էին որ Քրիստոս բազմիցս ասել էր, թէ մարդու Որդի պէտք է յանձնւէր մեղաւոր մարդկանց ձեռքը, խաչւէր եւ երրորդ օրը յարութիւն առնէր:
Այդ մոռացումն էր որ մի պահ շփոթեցրել էր նրանց, սակայն երբ գլխի ընկան, յիշեցին Տիրոջ խօսքերը եւ անմիջապէս եկան ու պատմեցին առաքեալներին եւ աշակերտներին:
Առաքեալները եւս չհաւատացին կիների ասածներին. այն «ցնդաբանութիւն» համարելով: Պետրոս առաքեալը դէպի գերեզման վազեց. նա էլ զարմացած յետ վերադարձաւ, քանի որ գերեզմանում միայն պատանքն էր տեսել:
Յիսուս նոյն օրը երեւաց դէպի Էմմաւուս գնացող իր աշակերտներից երկուսին եւ ապա տասնմէկին ու բոլորին, մի անգամ եւս, յիշեցրեց իր խօսքերն ու մարգարէական կանխատեսութիւնները իր մահւան եւ յարութեան մասին:
Հին Կտակարանեան մարգարէական գրականութեան մէջ հանդիպում ենք մեռելների յարութեան հաւատքի: Դանիէլ մարգարէն ասում է. «երկրում, հողի մէջ ննջածներից շատերը յարութիւն պիտի առնեն, ոմանք յաւիտենական կեանքի համար, եւ ոմանք յաւիտենական նախատիքի եւ ամօթի համար» (12:2): Նոյն այս հաւատքը հրեաների մօտ կար նոյնսիկ Յիսուսի ժամանակ:
Յովհաննէս Աւետարանիչը պատմում է որ երբ Ղազարոս հիւանդանում է, քոյրերը լուր են ղրկում Յիսուսին որ գայ եւ իրենց եղբօրը բժշկի. Յիսուս այնտեղ հասնում է Ղազարոսի մահից չորս օր յետոյ Մարթան ասում է. «Տէր, եթէ այստեղ լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի…» Յիսուս ասաց նրան, «քո եղբայրը յարութիւն կառնի» Մարթան պատասխանեց, գիտեմ, որ յարութիւն կառնի վերջին օրը, յարութեան ժամանակ»:
Ի լուր Մարթայի պատասխանին Յիսուսն ասաց. «Ես եմ յարութիւնը եւ կեանքը, ով որ հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի: Իսկ ով որ ողջ է եւ հաւատում է ինձ, երբեք չի մեռնի»:
Քրիստոսի առաքեալներն ու աշակերտները տեսան ու վկայեցին Քրիստոսի յարութեան եւ այնուհետ եղան յարութեան հաւատքի տարածման ջահակիրներն ու դրօշակակիրները, առանց երբեք կանգ առնելու որեւէ մէկ դժւարութեան եւ կամ խոչընդոտի առաջ:
Աւագ շաբաթւայ խորհրդաւոր ու իմաստալից, շնորհաբաշխ ու հոգենորոգ արարողութիւնները, աստւածաշնչական ընթերցումներն ու մեր հայրերի աղօթքներն ու տաղերը մեզ մի պահ վերացուցին, մեր հոգիների փակ դռներն ու պատուհանները թակեցին որպէսզի բացւեն մեր Տիրոջ առաջ: Հոգեզմայլ ու խորախորհուրդ այս շաբաթը կաւարտւէր պատմութեան մեծագոյն Աւետիսով ու հրաշքով՝ Քրիստոսի հրաշափառ յարութեամբ:
Եկեղեցին յարութեան առաւօտեան ողջ աշխարհի աւետում է. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, մահւամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց»: Մահւամբ մահը նւաճելու եւ աշխարհին նոր կեանք պարգեւելու գերմարդկային այս ճշմարտութիւնը աստւածապարգեւ երեւոյթ է, որով մարդկային կեանքի ողջ ընթացքը այլակերպւեց ու պայծառացաւ:
Մենք էլ իւղաբեր կանանց օրինակով լսում ենք հրեշտակին քաղցրաբարբառ մեծ Աւետիսը. «Նա այստեղ չէ յարութիւն առաւ»: Ու ահա մօտաւորապէս երկու հազարամեակ է որ քրիստոնեայ աշխարհը ապրում, գործում ու աշխատում է Քրիստոսի յարութեան հաւատքով:
Երկհազարամեայ եկեղեցու, աստւածամարդկային այս կառոյցին գոյութիւնը այսօր, որեւէ մէկ ժամանակից աւելի, վկայութիւնն է Աստւածորդու հրաշափառ յարութեան իրողութեան վաւերականութեան:
Քրիստոսի առաքեալների, աշակերտների եւ անմիջական հետեւորդների յարութեան հաւատքը եղաւ հիմը եկեղեցուն, այսինքն հաւատացեալներին, որոնք շնորհիւ իրենց կենդանի հաւատքի մահը նւաճեցին եւ նոր կեանք պարգեւեցին իրենց յետնորդներին:
Այսօր Քրիստոսի եկեղեցու անդամները կրկին անգամ յարաճուն հաւատքով, յոյսով ու անարատ սիրով փառաբանում են Քրիստոսի հրաշափառ ու կենսապարգեւ յարութիւնը:
Այսօր Հայաստանեայց եկեղեցու զաւակներն էլ համախմբւած իրենց եկեղեցու կամարների ներքոյ գովաբանում ու երկրպագում են Քրիստոսի յարութեան ու միաժամանակ վկայում ու վայելում իրենց յարութեան խորհուրդը:
Քրիստոնէական վարդապետութեան առանցքն ու ողնայարը Քրիստոսի յարութեան հաւատքն է, որովհետեւ կարելի չէ երեւակայել քրիստոնեայի կեանքը առանց յարութեան հաւատքի. Պօղոս առաքեալ շատ յստակ ու վճռական ձեւով հաստատում է. «բայց ոչ, Քրիստոս մեռելներից յարութիւն է առել, որպէս առաջին օրինակ մեռելների յարութեան: Ինչպէս մի մարդով սկիզբ առաւ մահը այնպէս էլ մի մարդով սկիզբ է առնում մեռելների յարութիւնը»: (Ա. Կորնթ. 15:20-21):
Պատմական այս ճշմարտութիւնը եղաւ զսպանակիչ ուժը եկեղեցու, որով զինւած հազարաւոր նահատակներ իրենց արիւնը թափեցին ի սէր Քրիստոսի:
Պատմական նոյն այս ճշմարտութեան ամենավաւերական հաւատացողներից եղաւ մեր ժողովուրդը, որ այնօրւանից երբ Բեթղեհէմի երկնակամարի վրայ շողացւող Աստղի լոյսով ներթափանցւեց ու առաւել զօրացաւ յարութեան վարդահեղեղ արշալոյսի անմար կրակով, կրցաւ տոկալ ամէն տեսակ հալածանքների ու փոթորիկների, չարչարանքների, աքսորի ու մահւան եւ յաղթական, յարուցեալ նոր կեանքով շարունակեց ու շարունակում է իր կեանքը իբրեւ գեղեցկագոյն օրինակը «մեռելների յարութեան»:
Քրիստոսի հրաշափառ յարութեան խորհուրդը մի կողմից բարու եւ աստւածային ճշմարտութեան յաղթական է եւ միւս կողմից նոր ու յարուցեալ կեանքի խորհուրդով բոցավառում է մեր կեանքը:
Դարերով մարդկային կեանքի պատմութիւնը ցոյց է տւել աստւածայինի, ճշմարիտի, յաւիտենականի գերազանցութիւնը մարդկայինի, կեղծիքի եւ ժամանակաւորի վրայ: Ժողովուրդների, անհատների կեանքում պատահած դժւարին պահերն ու մահւան սարսափները լոկ կարճ պահեր են, որոնք մարդու ժայռանման հաւատքի դիմաց խորտակւում ու անէանում են:
Հայ ժողովուրդի հազարաւոր տարիների կեանքը այս ճշմարտութեան գեղեցիկ մի օրինակն է: Քանի քանի անգամներ խաւարել է հայոց երկնակամարը, քանի քանի անգամներ հայոց լեռներն ու դաշտերը դղրդացել են բարբարոսների ձիերի սմբակների ներքեւ, ով գիտէ քանի հազարերորդ անգամներ քանդւել ու աւերւել են Հայաստան աշխարհի դէպի երկինք բարձրացող գմբէթները եկեղեցիների, վանքերն ու հայրենական օճախները մեր եւ սակայն հայը յաւերժական յարութեան հաւատքով գօտեպինդ նորեր է կառուցել ու վերստին շարունակել կեանքը:
Տակաւին 95 տարիներ առաջ անարգ թշնամին ուզեց մի անգամ եւս գերեզմանել հային, դրա համար նրան բռնագաղթեց իր հազարաւոր տարիների հայրենական օճախից ու աքսորեց դէպի անծայրածիր անապատները Միջագէտքի եւ Սուրիոյ: Սակայն նոյն այդ անապատում անթաղ մնացած ոսկորները մեր աւելի քան մէկ ու կէս միլիոն նահատակների Եզիկիէլեան տեսիլքի օրինակով քով քովի եկան, միս ու ջիղ զգեցան, շունչ առին, վերակենդանացան ու արար աշխարհից սկսան իրենց արեան վրէժն պահանջել, այսինքն արդարութիւն պահանջել, արդարութեան հաստատման համար գործել:
Քրիստոսի հրաշափառ յարութեան խորհուրդը այսօր ողջ քրիստոնեայ աշխարհը համախմբում է իր շուրջ որպէսզի յարուցեալ, այսինքն անապական հոգիով ու մտքով քրիստոնեայ հաւատացեալը շարունակի իր կեանքը: Այնպէս ինչպէս առաջին դարու քրիստոնեաների քարոզչութեան հիմնական առանցքը Քրիստոսի յարութիւնն էր. մեր ալ կեանքը այսօր հետեւութեամբ մեր նախահայրերի կեանքի օրինակին խարսխւած լինելու է Քրիստոսի յարութեան խորհրդի վրայ:
Քրիստոսի առաքեալներն ու հետագայ դարերի բոլոր սրբերն ու նահատակները ապրեցին, մեռան եւ կամ նահատակւեցին յանուն այն բանի, ճշմարտութեան, որի հաւատում էին: Մեր հայրերը նահատակւեցին իրենց հաւատքի ու հայրենիքի համար, որովհետեւ նրանք հաւատում էին յարութեան կեանքի հայրենիքի յաւերժութեան եւ «նա ով հաւատում է թէպէտ եւ մեռնի կապրի», յիշեցնում է մեզ Աւետարանը:
Մեր Փրկչի հրաշափառ յարութեան այս մեծ տօնը առիթ է որ մենք բոլորս վերանորոգենք մեր յանձնառութեան ուխտը, կենսաւորենք մեր հաւտաքը ու յարութեան տեսլականով զօրացնենք մենք մեզ ու քրիստոնեայ աշխարհի հետ միացած փառաբանենք Քրիստոսի յարութիւնը ասելով.-
Քրիստոս յարութիւն առաւ մեռելներից, մահւամբ մահը նւաճեց եւ իր յարութեամբ մեզ նոր կեանք շնորհեց. ամէն:

ԱՂՕԹԱՐԱՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Ս. Զատիկ
4 ապրիլ 2010
Այս լուրը դիտւել է 200 անգամ:


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.

Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:

Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ