Թեհրանում հայերը բնակութիւն են հաստատել 18-րդ դարի 2-րդ կէսից, Իրանի ժամանակի թագաւոր Քարիմ Խան Զանդի օրօք (1762-79): Նրա կարգադրութեամբ Նոր Ջուղայից 10 հայ ընտանիք տեղափոխւում են Թեհրան եւ բնակութիւն հաստատում Դուլաբ կոչւած արւարձանում:
Աղա Մոհամմադ Խանը նոյնպէս Կովկասեան արշաւանքի ժամանակ տասնեակ հայ ընտանիքների գերի վերցնելով, բնակեցնում է իր հռչակած մայրաքաղաք Թեհրանի Դարւազէ Ղազւին թաղամասում:
1798-ին, Ֆաթալի շահի գահ բարձրանալուց յետոյ, Իրանի տարբեր շրջաններից այդ թւում Թաւրիզից, Ն. Ջուղայից մի շարք արհեստաւորներ իրենց ընտանիքների հետ միասին Թեհրան գալով բնակւում են Դարւազէ Ղազւին եւ Շահ Աբդուլ Ազիմ թաղերում:
1930-ական թթ. յետոյ հայ ընտանիքներն աստիճանբար սկսում են տեղափոխւել քաղաքի հիւսիսային շրջաններ.այդ օրերին տասնեակ ընտանիքներ նոր Ջուղայից, Թաւրիզից կամ հայաբնակ այլ շրջաններից մուտք գործելով Թեհրան «հաստատւում են Դաւթեան դպրոցի շրջակայքում:
Համաձայն Թ.Հ.Թեմի առաջնորդարանում եղած արխիւների, 1928 թ. մտածւել է Թեհրանահայ համայնքը, որը մինչ այդ կապւած էր Իրանա- Հնդկաստան ( Նոր ջուղայի ) թեմին, առանձին թեմ դարձնել, բայց ծրագիրը իրագործւում է 1945 թ. երբ Հայաստան ներգաղթելու նպատակով Իրանի տարբեր հայաբնակ գաւառներից Թեհրան են տեղափոխւում հարիւրաւոր ընտանիքներ եւ ներգաղթի ծրագիրը անաւարտ մնալու պատճառով, այլեւս բանկութիւն են հաստատում Թեհրանում. մինչեւ առանձին թեմի վերածւելը սակայն, կեանքի է կոչւում Համայնական խորհուրդ, Թեհրանահայ եկեղեցական եւ կրթական գործերը վարելու համար:
Թեհրանի թեմը նախ ժամանակաւոր կերպով կազմակերպւում է Էջմիածնի կարգադրութեամբ եւ որպէս առաջնորդ ուղարկւում է Հոգշ. Տ. Վահան Ծ. Վրդ. Կոստանեանը, որը սակայն շատ չանցած տեղափոխւում է Նոր Ջուղա եւ նրան յաջորդում է Գերշ. Տ. Ռուբէն Եպիսկ. Դրամբեանը, որն իր պաշտօնի վրայ մնում է մինչեւ 1949 թւականի դեկտեմբերը, ապա հեռացւում իր պաշտօնից եւ թեմի առաջնորդական աթոռը մի առ ժամանակ թափուր է մնում: Թեհրանի թեմը կազմակերպւելուց շուրջ 3 տարի յետոյ կեանքի է կոչւում Թեմական խորհուրդ եւ Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում կառուցւում է որպէս Առաջնորդարան ծառայող մի փոքրիկ շէնք:
1960 թ. յունւարի 1-ին, Թեհրան է ժամանում Գերշ. Տ. Արտակ Եպիսկ. Մանուկեանը,հետագային Արքեպիսկոպոս որը մինչեւ իր վախճանը ( 1999 հոկտ. 15 ) մնում է որպէս Թեհրանի թեմի առաջնորդ: Նրա աշխատանքի անցնելուց յետոյ մտածւում է նոր եւ արդիական առաջնորդարան կառուցել. Մարգար Սարգսեանի բարերարութեամբ գնւում է հողամաս, սակայն նրա վախճանումից յետոյ, իր զաւակները Գուրգէն եւ Վազգէն Սարգսեանները կառուցում են առաջնորդարանի շէնքն ու Ս. Սարգիս եկեղեցին, իրենց ծնողների՝ Մարգար եւ Խանում Սարգսեանների յիշատակին. եկեղեցին օծւում է 29 ապրիլ 1973 թ. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Խորէն Ա.-ի ձեռամբ:
Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ, շուրջ 20 հազար հայեր մեծ մասամբ չներգաղթած ընտանիքներ կենտրոնանում են Թեհրանի հիւսիս-արեւելեան կողմում գտնւող Վահիդիէ Սասուն քաղաքամասում, այս թւին աւելանում է 1963-ին Ղարաղանի շրջանի երկրաշարժի հետեւանքով Թեհրան տեղափոխւած հայ բնակչութիւնը:
Իրանահայութիւնը Իրանի Իսլամական հանրապետութեան խորհրդարանում ունի իր երկու պատգամաւորները, որոնք միշտ հետամուտ են լինում հայ համայնքայի ունեցած իրաւունքների պաշտպանութեան:
1999-ի հոկտեմբերի 15-ին վախճանւում է թեմի բազմամեայ եւ բազմերախտ Առաջնորդ Գերշ. Տ. Արտակ Արք. Մանուկեանը:
26 հոկտ. 1999-ին, Թեհրանի թեմի Պատգամաւորական Ժողովը Առաջնորդական Տեղապահ ընտրեց Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանին, իսկ 6 յունիս 2000 թւին նրան ընտրեց որպէս Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի: Սեպուհ Սրբազանի առաջնորդ ընտրւելով նոր մի էջ է բացւել Թեհրանահայ եկեղեցական, ազգային-մշակույաին եւ կրթական կեանքում:
■
Չորեքշաբթի, 7 յուլիսի 2010 թ.
Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, յատկապէս 15 յուլիս 2009-ի, Թեհրան-Երեւան աւիավթարի անմեղ զոհերի պարագաներին, որ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի տնօրինումով եւ հովանաւորութեամբ յառաջիկայ հինգշաբթի 15 յուլիս 2010-ի կէսօրից յետոյ ժամը 5-ին Նոր բուրաստանում տեղի է ունենալու կրօնական արարողութիւն աւիավթարի զոհերի եղերական մահւան Ա. տարելիցի առիթով:
Հանրակառքերը կը մեկնեն կ.յ. ժամը 3:30-ին հետեւեալ կենտրոններից՝
- Ազգային Առաջնորդարանից
- Ս. Գրիգոր Լուս ...
Դիտել ամբողջութեամբ